Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է բողոքարկել թիմի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի հեռացումն Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» դեմ կայացած խաղում (3-2): Ինչպես հաղորդում է իսպանական Marca պարբերականը, մադրիդյան ակումբը դիմելու է այս քայլին՝ անկախ ֆուտբոլիստի հնարավոր որակազրկման ժամկետից։
«Արքայական» ակումբում ուղիղ կարմիր քարտը համարում են խիստ և անհիմն որոշում՝ գտնելով, որ ուրուգվայցի կիսապաշտպանի թույլ տված խախտումն արժանի էր միայն դեղին քարտի։
Հիշեցնենք, որ Վալվերդեն խաղադաշտից հեռացվել էր 77-րդ րոպեին՝ հյուրերի ֆուտբոլիստ Ալեքս Բաենայի նկատմամբ թիկունքից կատարած խախտման համար։ Հանդիպման գլխավոր մրցավար Խոսե Մունուերա Մոնտերոն պաշտոնական արձանագրության մեջ նշել է, որ խաղացողը հեռացվել է գնդակին հասնելու հնարավորություն չունենալու պայմաններում մրցակցի նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու և նրան հարվածելու համար։ Դրվագի նման մեկնաբանության պարագայում Վալվերդեին կարող է սպառնալ 2 խաղով որակազրկում։
Նշենք նաև, որ Իսպանիայի առաջնության 29 տուրերից հետո «Ռեալը» վաստակել է 69 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ «Ատլետիկոն» իր ակտիվում ունի 57 միավոր և եզրափակում է լավագույն քառյակը։

























































