Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Լիսաբոնի «Սպորտինգը» սեփական հարկի տակ անհավանական քամբեք կատարեց նորվեգական «Բուդյո-Գլիմտի» նկատմամբ և նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր։
Լիսաբոնի «Ժոզե Ալվալադե» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց պորտուգալական ակումբի՝ 5:0 հաշվով ջախջախիչ հաղթանակով։ Նշենք, որ առաջին խաղում նորվեգացիները հաղթել էին 3:0 հաշվով, ինչը ստիպեց դաշտի տերերին այս խաղում ողջ ներուժով նետվել առաջ։
Հանդիպման 34-րդ րոպեին հաշիվը բացեց Գոնսալու Ինասիուն, իսկ 61-րդ րոպեին Պեդրու Գոնսալվեշը կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը։ 79-րդ րոպեին Լուիս Սուարեսը հստակ իրացրեց 11-մետրանոցը՝ հավասարեցնելով դիմակայության ընդհանուր հաշիվը (3:3) և խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ խաղակեսերում լիսաբոնցիներն անկասելի էին․ 92-րդ րոպեին Մաքսիմիլիանո Արաուխոն խփեց 4-րդ գնդակը, իսկ 120+1-րդ րոպեին Ռաֆայել Նելը վերջակետ դրեց այս խելահեղ դիմակայությանը:
Հիշեցնենք, որ փլեյ-օֆֆ փուլում «Բուդյո-Գլիմտը» երկու խաղերի արդյունքում վստահորեն դուրս էր թողել Միլանի «Ինտերին» (5:2)։ «Սպորտինգը» ՉԼ-ի լիգայի փուլի արդյունքներով վաստակել էր 16 միավոր՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը։
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչը կկայանա 2026 թվականի մայիսի 30-ին՝ Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ




























































