«Ալ-Իթիհադի» ղեկավարությունը հանդես է եկել աղմկահարույց հայտարարությամբ Սաուդյան Արաբիայի առաջնության 21-րդ տուրի «Ալ-Նասրի» դեմ հանդիպումից հետո (0:2)՝ փաստացի նշելով, որ պարտության պատճառը սլովենացի մրցավար Սլավկո Վինչիչի սխալներն են եղել։
Ջիդան ներկայացնող ակումբի կարծիքով՝ մրցավարը չի նշանակել երկու ակնհայտ 11-մետրանոց հարված Կրիշտիանու Ռոնալդուի թիմի դարպասին (ինքը՝ պորտուգալացին, այս խաղին չի մասնակցել)։
««Ալ-Իթիհադ» ակումբն իր ծայրահեղ դժգոհությունն է հայտնում «Ալ-Նասրի» դեմ խաղում թույլ տրված կոպիտ սխալների կապակցությամբ։ Դրանք ուղղակիորեն ազդել են հանդիպման ընթացքի և ելքի վրա։ Մեր օգտին չի նշանակվել երկու ակնհայտ 11-մետրանոց, ինչը թիմին զրկել է խաղադաշտում իր օրինական իրավունքներից։
Այդ դրվագներից մեկը պարզ էր և ակնհայտ, ինչը ցույց տվեցին VAR համակարգի կրկնապատկերները․ պետք է նշանակվեր 11-մետրանոց հարված։ Սակայն նման որոշում չկայացվեց, ինչը կասկածի տակ է դնում տեխնոլոգիաների կիրառման արդյունավետությունը՝ մրցավարական առանցքային որոշումները շտկելու հարցում։
Ելնելով մրցակցության արդարության և բոլոր ակումբների համար հավասար հնարավորությունների ապահովման ձգտումից՝ մենք պահանջում ենք պատասխանատու մարմիններից պարտադիր կարգով վերանայել այդ դրվագները և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ մրցավարության անաչառությունն ապահովելու, ինչպես նաև մրցաշարի և երկրպագուների վստահությունը պահպանելու համար»,- ասված է ակումբի հայտարարության մեջ:




























































