«Ալ-Նասրի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է բաց թողնել Սաուդյան Արաբիայի առաջնության առաջիկա հանդիպումը «Ալ-Ռիյադի» դեմ։
Ըստ պորտուգալական A Bola պարբերականի՝ ֆուտբոլիստի որոշումը պայմանավորված է Սաուդյան Արաբիայի Պետական ներդրումային հիմնադրամի (PIF) և ակումբի համատեղ աշխատանքից ունեցած դժգոհությամբ։ Հենց այս հանգամանքով է բացատրվում պորտուգալացու՝ խաղադաշտ դուրս գալուց հրաժարվելը։
Հայտնի ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն նույնպես հաստատել է, որ Ռոնալդուն չի մասնակցի գալիք դիմակայությանը՝ հատուկ ընդգծելով, որ աստղային ֆուտբոլիստը առողջական որևէ խնդիր չունի։ Սպասվում է, որ իրավիճակի վերաբերյալ նոր մանրամասներ ի հայտ կգան մոտ ժամանակներս։
Հիշեցնենք, որ վերջերս «Ալ-Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման ևս հրաժարվել էր ելույթ ունենալ իր թիմի կազմում. ֆրանսիացին «նվաստացուցիչ» էր որակել նոր պայմանագրով ակումբի առաջարկած պայմանները։
«Ալ-Ռիյադ» – «Ալ-Նասր» հանդիպումը կայանալու է այսօր` փետրվարի 2-ին, Երևանի ժամանակով 19։15-ին։ Հավելենք, որ գալիք հինգշաբթի Կրիշտիանու Ռոնալդուն կդառնա 41 տարեկան։




























































