Կայացավ Իսպանիայի գավաթի 2025/2026 խաղարկության 1/16 եզրափակիչ հանդիպումը, որում մրցեցին երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Տալավերա դե լա Ռեյնան» և Մադրիդի «Ռեալը»։ «Արքայական ակումբը» հաղթանակ տարավ 3:2 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց 41-րդ րոպեին․ «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում (45+1) տանտերերի պաշտպան Մանուել Ֆառանդոն գնդակն ուղարկեց սեփական դարպասը։
Խաղի 80-րդ րոպեին «Տալավերայի» հարձակվող Նաուել Առոյոն կրճատեց հաշվի տարբերությունը։ 88-րդ րոպեին Մբապեն դուբլ ձևակերպեց, իսկ մրցավարի ավելացրած ժամանակում (90+1) տանտերերի ֆուտբոլիստ Գոնսալո դի Ռենսոն խփեց իր թիմի երկրորդ գնդակը։
Այսպիսով, «Տալավերա դե լա Ռեյնան» ավարտեց ելույթները Իսպանիայի գավաթի 2025/2026 խաղարկությունում, իսկ Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ մրցաշարի հաջորդ փուլ։
Հիշեցնենք, որ Իսպանիայի գործող գավաթակիրը կատալոնական «Բարսելոնան» է։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ



























































