Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի «Էլչեի» դեմ կայացած խաղի (2:2) ավարտից հետո վիրավորել է հանդիպման գլխավոր մրցավար Ֆրանսիսկո Մաեսոյին։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը՝ հղում անելով DAZN-ին։
Ըստ աղբյուրի՝ երբ մրցավարը վիճաբանության համար դեղին քարտ է ցույց տվել ֆուտբոլիստին, Մբապեն շրջվել է և ֆրանսերեն երկու անգամ ասել՝ «կեղտոտ սրիկա»։
Միջադեպը շարունակվել է նաև հանդերձարանի ճանապարհին։ Երբ մրցակցի ֆուտբոլիստներից մեկը փորձել է դիմել «սերուցքայինների» հարձակվողին, Մբապեն հետ է մղել նրան՝ ասելով «կանգնի՛ր», որից հետո կրկին բարձրաձայն կրկնել է նույն հայհոյանքը։
Նշվում է, որ ֆրանսիացուն դուր չի եկել մրցավարի՝ ավելացված ժամանակի լրանալուն պես խաղն ավարտելու որոշումը։ Բանն այն է, որ «Արքայական ակումբի» խփած երկրորդ գոլից հետո «Էլչեի» դարպասապահ Ինյակի Պենյային երկար ժամանակ բուժօգնություն էին ցուցաբերում, ինչը, ըստ Մբապեի, պետք է հաշվի առնվեր։
Այդ պահին Մբապեն դիմել է Մաեսոյին. «Եթե նա չի կարող շարունակել, թող դուրս գա։ Խնդրում եմ, թույլ տուր մեզ խաղալ»։





















































