Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է Իսպանիայի առաջնության առաջին տուրում «Օսասունայի» դեմ տարած հաղթանակը (1:0):
«Մեզ համար շատ կարևոր էր սեփական հարկի տակ հաղթանակով մեկնարկել մրցաշրջանը: Մենք գիտեինք, որ հեշտ չի լինելու: «Օսասունան» հստակ խաղային ծրագիր ուներ և սպասում էր մեր սխալներին: Առաջին խաղակեսում ազատ տարածքներ գրեթե չկային, սակայն երկրորդ խաղակեսում մենք արագ գտանք գոլ խփելու հնարավորություն: Մենք ունեինք ավելի շատ գոլային պահեր և ավելի լավ էինք վերահսկում խաղը: Ի վերջո, մենք գոհ ենք հաղթանակից և ձգտում ենք նոր հաջողությունների:
Ես ինձ հիանալի եմ զգում, բայց ամենակարևորը թիմին մշտապես աջակցելն է: Լինի դա հարձակման, թե պաշտպանության ժամանակ, մնացածն ինքն իրեն կգա: Եթե ես պատրաստ լինեմ օգնելու թիմին, մենք կկարողանանք հաղթել», – Մբապեի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Ռեալը» օգոստոսի 24-ին արտագնա խաղում կմրցի «Ռեալ Օվիեդոյի» հետ: Նույն օրը «Օսասունան» սեփական հարկի տակ կընդունի «Վալենսիային»:




























































