«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Տուլիպան, Կոնֆերենցիայի լիգայի երրորդ փուլի առաջին խաղում «Լետնայում» 1:4 հաշվով պարտությունից հետո խոստովանել է, որ «Սպարտան» պարզապես ավելի ուժեղ էր, և, նրա կարծիքով, այս մրցաշարում տեղ չունի։ Նա մի քանի անգամ կրկնել է, որ իր սաներն առերեսվել են ֆուտբոլի բոլորովին այլ մակարդակի։
Այդուհանդերձ, հայկական թիմը ցնցել է «Լետնան» արդեն 7-րդ րոպեին, երբ Խուան Բալանտան բացել է հաշիվը։ Տանտերերը մինչև ընդմիջում կարողացել են առաջ անցնել, իսկ հյուրերը երկրորդ խաղակեսի սկզբում ևս ցուցադրել են որակյալ հատված։ Ի վերջո, «Սպարտան» խփել է ևս երկու գոլ և հաջորդ շաբաթ Երևանում կայանալիք պատասխան խաղին մեկնելու է հարմարավետ առավելությամբ։
«Տարբերությունը, հավանաբար, չափազանց մեծ է, որպեսզի մենք կարողանանք դրա դեմ ինչ-որ բան անել։ Բայց մենք ցույց կտանք մեր լավագույնը՝ մեր երկրպագուներին ուրախացնելու համար։ Սակայն դա շատ բարդ կլինի, նման խաղին պատրաստվելը հեշտ չէ։
««Սպարտան» այլ մակարդակում է՝ թե՛ խաղացողների անհատական վարպետությամբ, թե՛ թիմային խաղով։ Մեզ անհրաժեշտ է առաջ գնալ քայլ առ քայլ։ Իմ կարծիքով, սա Չեմպիոնների լիգայի թիմ է, ոչ թե Կոնֆերենցիայի լիգայի»,- նշել է Տուլիպան։
Ընդհանուր առմամբ, նա խաղն ամփոփել է այսպես.
«Առաջին խաղակեսը շատ հավասար էր։ Մենք սիրում ենք խաղալ գնդակով, բայց դա մեզ առանձնապես չէր հաջողվում։ Ընդմիջումից հետո ցանկացանք բարելավել այդ կողմը, սակայն կրկին բախվեցինք որակի տարբերությանը, որի մասին արդեն խոսել եմ։ «Սպարտան» ուժեղ է նույնիսկ առանց գնդակի, իսկ երբ այն վերցնում է, կարող է անմիջապես անցնել հարձակման և գոլ խփել»։
Մանրամասն՝ տեսանյութում




























































