«Ու Կլուժի» պաշտպան Գաբրիել Սիմիոնը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում «Արարատ-Արմենիայի» հետ պարտությունից հետո (ընդհանուր հաշիվ՝ 1:2), մամուլի հետ զրույցում արտահայտել է իր հիասթափությունը: Նա ընդգծել է, որ թիմը լավ խաղ է ցուցադրել առաջին կեսում, սակայն լրացուցիչ ժամանակում կրած պարտությունը ծանր է եղել:
«Երեք օր առաջ խաղ ենք անցկացրել: Շատ էներգիա ծախսեցինք: Ցավում ենք, որ պարտվեցինք մեր հիանալի երկրպագուների առաջ, բայց սա ֆուտբոլ է: Շարունակում ենք առաջ գնալ՝ հույս ունենալով ռևանշ վերցնել հաջորդ խաղում»,- ասել է Սիմիոնը:
Վճռորոշ գոլի մասին խոսելով՝ նա նշել է. «Գնդակն անցավ այնպես, կարծես ֆուտզալ լիներ: Առաջին գոլը, հավանաբար, մեր սխալի հետևանք էր, գուցե խաղից դուրս վիճակ էր, բայց հստակ չհասկացանք: Երկրորդ գոլը բաց թողեցինք ստանդարտ դիրքից, ոչ ոք չնկատեց գնդակի ընթացքը»:
Սիմիոնը ընդգծել է, որ թիմը չի թերագնահատել մրցակցին: «Նրանք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ են, և մենք գիտեինք, որ բարդ խաղ է լինելու, հատկապես, որ առաջին խաղն ավարտվել էր 0:0: Նրանք մեզ հաղթեցին, միգուցե իրոք ավելի ուժեղ էին: Եթե հասնեինք 11-մետրանոցներին, գուցե արդյունքն այլ լիներ»:
Նա խոստովանել է, որ թիմը դեռ չի հասել իր լավագույն մարզավիճակին: «120 րոպե պայքարեցինք, ամեն ինչ տվեցինք: Հիասթափությունը մեծ է, բայց սա մրցաշրջանի սկիզբն է: Հուսով ենք՝ շուտով կհասնենք մեր գագաթնակետին և կկրկնենք անցյալ տարվա հաջողությունները»,- Սիմիոնի խոսքը մեջբերում է gsp.ro-ն:




























































