«Լիվերպուլը» խորապես վշտացած է Դիոգու Ժոտայի և նրա եղբոր՝ Անդրե Սիլվայի ողբերգական մահվան կապակցությամբ: 28-ամյա ֆուտբոլիստը և նրա եղբայրը զոհվել են Իսպանիայի Սամորա նահանգում՝ A-52 մայրուղու վրա տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, երբ նրանց մեքենան դուրս է եկել ճանապարհից և բռնկվել: Իսպանական Marca պարբերականի փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը: Ականատեսների վկայությամբ՝ մեքենան ամբողջությամբ այրվել է, և բոցերը տարածվել են նաև մերձակա բուսականության վրա:
«Լիվերպուլը» հայտարարել է, որ այս պահին լրացուցիչ մեկնաբանություններ չի տրամադրի և խնդրում է հարգել Դիոգուի և Անդրեի ընտանիքների, ընկերների, թիմակիցների և ակումբի աշխատակիցների անձնական տարածքը: Ակումբը հավաստիացրել է, որ կշարունակի լիակատար աջակցություն ցուցաբերել նրանց:
«Լիվերպուլը» թարմացրել է նաև իր պաշտոնական կայքի գլխավոր էջը՝ նշելով 1985 թվականի «Էյզելի» և 1989 թվականի «Հիլսբորոյի» ողբերգությունները՝ որպես ակումբի պատմության ցավալի էջեր:
Պորտուգալիայի Ֆուտբոլի Ֆեդերացիան իր խորին ցավակցությունն է հայտնել՝ նշելով, որ Դիոգու Ժոտան ոչ միայն տաղանդավոր ֆուտբոլիստ էր, այլև բացառիկ անձնավորություն՝ սիրված և հարգված թե՛ թիմակիցների, թե՛ մրցակիցների կողմից: Ֆեդերացիան դիմել է ՈւԵՖԱ-ին՝ խնդրելով մեկ րոպե լռություն հայտարարել կանանց Եվրոպայի առաջնության Պորտուգալիա – Իսպանիա խաղից առաջ՝ ի հիշատակ Դիոգուի և Անդրեի:
Դիոգու Ժոտան «Լիվերպուլին» միացել էր 2020 թվականի սեպտեմբերին: Նա նախկինում հանդես էր եկել «Պասուշ դե Ֆերեյրա», «Պորտու», Մադրիդի «Ատլետիկո» և «Վուլվերհեմփթոն Ուոնդերերս» ակումբներում: «Լիվերպուլի» կազմում նա նվաճել է Անգլիայի Պրեմիեր լիգայի տիտղոսը (2024/2025), Անգլիայի Գավաթը (2021/2022) և երկու անգամ՝ Ֆուտբոլային լիգայի Գավաթը (2021/2022, 2023/2024): Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում նա դարձել է ՈւԵՖԱ Ազգերի լիգայի կրկնակի հաղթող (2018/2019, 2024/2025):
Դիոգուի մահը տեղի է ունեցել ընդամենը տասը օր անց նրա հարսանիքից: Նա կնոջ հետ ունի երեք երեխա: