«Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ հարձակվող Ալեխանդրո Գառնաչոն Եվրոպա լիգայի եզրափակիչում «կարմիր սատանաների»՝ «Տոտենհեմից» 0:1 հաշվով կրած պարտությունից հետո դիմել է իր գործակալին՝ խնդրելով նոր թիմ գտնել իր համար։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։
Մասնավորապես՝ 20-ամյա ֆուտբոլիստը ցանկացել է տեղեկանալ «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելու հնարավորության մասին։ Աղբյուրի տեղեկություններով՝ Գառնաչոն դժգոհ է եղել այն հանգամանքից, որ եզրափակիչում խաղադաշտ է դուրս եկել միայն 71-րդ րոպեին։ Ընդգծվում է, որ «Ռեալը» կարող է չցանկանալ ձեռք բերել արգենտինացի հարձակվողին՝ նրա բարձր տրանսֆերային արժեքի պատճառով։
Այդ դեպքում Գառնաչոյի ծառայությունները կարող են առաջարկվել Մադրիդի «Ատլետիկոյին», «Արսենալին», «Լիվերպուլին» և «Բավարիային»։
Ընթացիկ մրցաշրջաններում 20-ամյա խաղացողը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 58 խաղի, խփել է 11 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։