Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը կիսվել է իր զգացողություններով՝ կապված ֆուտբոլային կարիերայի առաջին տիտղոսը նվաճելու հետ։
«Բավարիան» Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի չեմպիոնությունը վաղաժամ ապահովեց 32-րդ տուրում՝ «Բայերի» և «Ֆրայբուրգի» միջև ոչ-ոքի (2:2) խաղից հետո։ 31-ամյա Քեյնի համար սա առաջին տիտղոսն է պրոֆեսիոնալ կարիերայում։
«Չեմպիոն դառնալը աննկարագրելի զգացողություն է։ Շնորհակալ եմ երկրպագուներին՝ տնային և արտագնա խաղերում ցուցաբերած անխոնջ աջակցության համար։ Ձեր ներկայությունն այս հաջողությունը դարձրեց հնարավոր։ Հպարտ եմ, որ առաջին տիտղոսս նվաճեցի «Բավարիայի» հետ։ Եկեք տոնենք առաջիկա շաբաթները»,- ասել է Քեյնը «Բավարիայի» մամուլի ծառայության տարածած տեսաուղերձում։
Անգլիայի հավաքականի և «Տոտենհեմի» պատմության լավագույն ռմբարկուն երեք անգամ ճանաչվել է Պրեմիեր լիգայի, մեկ անգամ՝ Բունդեսլիգայի, ինչպես նաև 2018 թ. աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու։