Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Անդրեյ Շևչենկոն չի ընտրվել Եվրոպական ֆուտբոլային միության (ՈւԵՖԱ) գործադիր կոմիտեի անդամ: 2025 թվականի ապրիլի 3-ին Բելգրադում կայացած ՈւԵՖԱ-ի 49-րդ կոնգրեսի ժամանակ նա ստացել է 15 ձայն՝ անհրաժեշտ 28-ի փոխարեն:
Շևչենկոն հայտարարել է, որ իր չընտրվելը պայմանավորված է քաղաքական պատճառներով: «Վերջին օրերին մենք որոշ ազդակներ ստացանք, որ Ուկրաինային և ինձ չեն ցանկանում տեսնել ՈւԵՖԱ-ի ղեկավար մարմնում: Կոնգրեսում տեղի ունեցածը հաստատեց այդ մտահոգությունները: Շնորհակալ եմ բոլոր այն ազգային ասոցիացիաներին, որոնք իրենց ձայնը տվեցին ինձ և Ուկրաինային»,- ասել է նա:
Գործադիր կոմիտեի երկու թափուր տեղերի համար պայքարում հաղթել են Իսրայելի ներկայացուցիչ Մոշե Զուարեսը (31 ձայն) և Իսպանիայի թեկնածու Ռաֆայել Լուսանը (32 ձայն): Այսպիսով, Իսպանիան պահպանել է իր տեղը կոմիտեում, մինչդեռ Ուկրաինան զրկվել է ներկայությունից:
Հիշեցնենք, որ Շևչենկոն Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի (ՈւԱՖ) նախագահ է ընտրվել 2024 թվականի հունվարին: Մինչ այդ նա մարզել է Ուկրաինայի ազգային հավաքականը, ինչպես նաև ղեկավարել է իտալական «Ջենոա» ակումբը: Որպես ֆուտբոլիստ՝ նա հանդես է եկել Կիևի «Դինամոում», «Միլանում», Լոնդոնի «Չելսիում»: 2004 թվականին Շևչենկոն արժանացել է «Ոսկե գնդակի»՝ ճանաչվելով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ: