Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է «Լեգանեսի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ խաղում (3:2) ռոտացիայի արդյունքում տարած հաղթանակի մասին։
Հիշեցնենք, որ կենտրոնական պաշտպանների զույգը երեկվա խաղում կազմել էին Ռաուլ Ասենսիոն և Յակոբո Ռամոնը ակադեմիայից, դարպասում հանդես է եկել Անդրեյ Լունինը, իսկ հարձակման գծում` Էնդրիկը, Արդա Գյուլերը և Բրահիմ Դիասը:
«Մեզ հաջողվեց խուսափել լրացուցիչ ժամանակից, և դա թույլ տվեց մեզ էներգիա խնայել: Ես որոշ խաղացողների հանգստանալու հնարավորություն եմ ընձեռել շաբաթ օրը կայանալիք դերբիից առաջ, այնպես որ մենք հիմա պատրաստ կլինենք: Ես խաղադաշտ եմ դուրս բերում մի թիմ, որը կարող է հաղթել, այլ ոչ թե պարզապես խաղաժամանակ եմ տրամադրում երիտասարդներին։ Այս տարի երիտասարդ ֆուտբոլիստները վնասվածքների պատճառով ավելի շատ հնարավորություններ են ունեցել, և նրանք շատ լավ են դիմակայում մարտահրավերներին։ Մեր երիտասարդ թիմը առաջադիմում է: Մարդիկ, ովքեր աշխատում են նրանց հետ, գերազանց արդյունքների են հասնում, իսկ իրենք՝ խաղացողները, գալիս են պատրաստված, պարզապես փորձի պակաս կա»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Նշենք, որ Մադրիդի «Ռեալը» դարձել է երկրորդ թիմը, որը դուրս է եկել Իսպանիայի գավաթի 2024/2025 մրցաշրջանի կիսաեզրափակիչ։ Առաջինը մրցաշարի լավագույն քառյակ էր դուրս եկել Մադրիդի «Ատլետիկոն»: