Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը։ Այս մասին հայտնել է ինքը՝ Դեշամը TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ես հավաքականում եմ 2012 թվականից, պայմանագիր ունեմ մինչև 2026 թվականը, մինչև հաջորդ աշխարհի առաջնությունը։ Այստեղ ամեն ինչ ավարտվում է, քանի որ ինչ-որ պահի դա պետք է տեղի ունենար: Իմ գլխում ամեն ինչ շատ պարզ է։ Առաջիկա հանդիպումները ես կշարունակեմ աշխատել նույն խանդավառությամբ ու կրքով, որպեսզի Ֆրանսիայի հավաքականը հանդես գա ամենաբարձր մակարդակով։ Բայց 2026 թվականը կատարյալ ժամանակն է բաժանվելու համար: Իհարկե, ես երբեք չէի ուզենա, որ սա ավարտվի, բայց ճիշտ պահի պետք է կարողանանք ասել «վերջ»: Բացի դա կյանքն ինձ է սպասում»,- ասել է 56-ամյա Դեշամը:
Մարզիչը Ֆրանսիայի հավաքականը գլխավորում է 2012 թվականից, երբ այս պաշտոնում փոխարինեց Լորան Բլանին։ Որպես ազգային հավաքականի գլխավոր մարզիչ՝ նա 2018 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, 2022 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի հաղթող 2020/21 մրցաշրջանում, ինչպես նաև արծաթե և բրոնզե մեդալակիր։ Եվրոպայի առաջնություններում ՝ համապատասխանաբար 2016 և 2024 թվականներին։