Daily Mail-ը հայտնում է, որ պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հնարավոր է՝ գաղտնի ամուսնացել է իր սիրելիի՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ։
Պատճառը դարձել է Globe Soccer Awards մրցանակաբաշխության ժամանակ Ռոնալդուի արած հայտարարությունը. նա Ռոդրիգեսին անվանել է «իմ կինը»։
Ռոնալդուն մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է Մերձավոր Արևելքի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Այսպիսով, նա հերթական անգամ հաստատել է իր գերիշխող դիրքը համաշխարհային ֆուտբոլում։
Ռոնալդուն 2023 թվականի հունվարից խաղում է Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբում և ընտանիքի հետ տեղափոխվել է այդ երկիր։ Չնայած այն փաստին, որ Սաուդյան Արաբիայում տղամարդուն և կնոջը արգելվում է ապրել նույն հարկի տակ առանց ամուսնության, Ռոնալդուին բացառություն են արել՝ թույլ տալով ապրել իր երեխաների մոր հետ։
Կրիշտիանուի և Ջորջինայի երկու դուստրերն են՝ վեցամյա Ալանա Մարտինան և մեկամյա Բելլա Էսմերալդան։ Ռոնալդուն ունի նաև ավագ որդի՝ Կրիշտիանու կրտսերը, ով ծնվել է 2010 թվականին։ 2017 թվականին սուրոգատ մայրից ծնվել են երկվորյակներ՝ Եվան և Մատեոն։ Ռոդրիգեսն ավելի վաղ նշել է, որ սիրում է իր ամուսնու բոլոր երեխաներին՝ որպես սեփական զավակներ։