«Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը հայտնել է 21-ամյա հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանի վերադարձի ժամկետները, որը վնասվածքի պատճառով բաց է թողել 2024/2025 մրցաշրջանի մեկնարկը։
«Զախարյանը կկարողանա վերադառնալ թիմի ճամբար և պատրաստ կլինի մարզվել ազգային հավաքականի խաղերով պայմանավորված դադարից հետո։ Պե՞տք է նրան սպասել հոկտեմբերի 18-ին կայանալիք «Ժիրոնայի» հետ հանդիպման հայտացուցակում. Դեռ վաղ է, Արսենը վերադառնալուց հետո առանց ցավի պետք է անցկացնի բոլոր մարզումները, որպեսզի նորից հայտնվի թիմի կազմում»,- ակումբի մամուլի ծառայության ներկայացուցչի խոսքերն է փոխանցում Metaratings-ը:
Հիշեցնենք, որ 21-ամյա Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը «Դինամոյից» 13 միլիոն եվրոյի դիմաց։ Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է «Ռեալ Սոսյեդադի» 40 հանդիպման։ Ընդհանուր առմամբ հայկական արմատներով խաղացողը խփել է մեկ գոլ ու կատարել երկու գոլային փոխանցում՝ խաղադաշտում անցկացնելով ավելի քան 1800 րոպե։