«Ես իսկապես կարոտել էի այսպիսի երեկոները։ Մենք շարունակում ենք համախմբվել մեր նպատակներին հասնելու համար»,- սոցցանցերից մեկի իր էջում գրել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին «Ինտեր Մայամիի» կազմում դուբլից և հաղթանակից հետո:
Հիշեցնենք՝ MLS-ի հերթական տուրի խաղում «Ինտեր Մայամին» 3:1 հաշվով հաղթանակ է տարել «Ֆիլադելֆիա Յունիոնի» նկատմամբ:
Այդ խաղում Մեսսին դարձել է դուբլի, իսկ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը՝ գոլի հեղինակ: Մեսսին, Սուարեսն ու Ժորդի Ալբան նաև գոլային փոխանցումներ են կատարել։
Ընդ որում, արգենտինացին «Ինտեր Մայամիի» կազմում դուբլ է ձևակերպել չորս րոպեում. երկրորդ գոլն արգենտինացու համար 840-րդն էր պրոֆեսիոնալ կարիերայում։
Նշենք, որ Մեսսին երկու ամսում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել կոճի վնասվածքից հետո, որը ստացել էր Կոլումբիայի հավաքականի հետ՝ հուլիսի 14-ին անցկացված Կոպա Ամերիկայի եզրափակիչ հանդիպման ժամանակ (1:0):
























































