Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը կարող է որակազրկվել 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի` Կոլումբիայի դեմ խաղից հետո օպերատորի տեսախցիկին հարվածելու համար: Այս մասին հայտնում է canalrcn.com-ը։
Արգենտինայի հավաքականը պարտվել է 1։2 հաշվով։ Խաղից հետո Էմիլիանո Մարտինեսին է մոտեցել օպերատորը, իսկ դարպասապահը հարվածել է տեսախցիկին։ Նշվում է, որ հանդիպման պաշտոնական ներկայացուցիչ չհանդիսացող անձի վրա հարձակման համար կարող է նշանակվել նվազագույնը երեք-խաղյա որակազրկում։
25-րդ րոպեին Կոլումբիայի հավաքականի պաշտպան Յերսոն Մոսկերան բացել է խաղի հաշիվը։ 48-րդ րոպեին Արգենտինայի կազմում պատասխան գնդակը խփել է հարձակվող Նիկոլաս Գոնսալեսը։ Տանտերերին հաղթանակ է պարգևել կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, որը 60-րդ րոպեին անվրեպ է իրացրել 11 մետրանոցը։
























































