Հայաստանի ազգային հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է իտալական «Բոլոնիայի»՝ իր հանդեպ ցուցաբերած հետաքրքրության մասին։
Ըստ Sport Express-ի՝ ապրիլին իտալական ակումբը պատրաստվում էր առաջարկ անել «Լոկոմոտիվին» ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։
— «Բոլոնիան» պատրաստվում էր ձեզ առաջարկ անել։ Ի՞նչ գիտեք այդ մասին:
— Իմ գործակալը փորձում է ինձ հեռու պահել շշուկներից։ Եթե կան կոնկրետ տարբերակներ, ապա նա հայտնում է ինձ։ Առայժմ հստակ առաջարկներ չկան։ Գիտեմ, որ Հայաստանի հավաքականի հանդիպումներից հետո արձակուրդ եմ ունենալու։ Նորությո՞ւններ։ Իհարկե, տեսնում եմ, կարդում եմ։ Բայց ինչպե՞ս կարող եմ դա մեկնաբանել, եթե դրա մասին ոչինչ չգիտեմ: Անցած ամռանը գրում էին «Ռեալ Սոսյեդադի» մասին։ Եվ ի՞նչ։ Կարևոր է ներկան, իսկ այս պահին Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» մեկնարկային կազմի խաղացող չէ։ Ինչպես կարելի է «Բոլոնիայի» մասին խոսել: Սա մրցակցություն է, սա ֆուտբոլ է։
2023/24 մրցաշրջանում Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Թիկնիզյանի պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։
























































