«Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը 2024/25 մրցաշրջանից կգլխավորի Մոսկվայի «Սպարտակը», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
45-ամյա սերբ մասնագետը հունգարական «Ֆերենցվարոշը» մարզում է նախորդ տարվա սեպտեմբերից։ Նա նախկինում աշխատել է «Սամպդորիայում» և «Ցրվենա Զվեզդայում»: Նրա գլխավորությամբ սերբական ակումբը երեք անգամ հաղթել է երկրի առաջնությունում։
Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Ստանկովիչը հանդես է եկել «Ինտերում», որի հետ 2009/10 մրցաշրջանում հաղթել է Չեմպիոնների լիգան։
Ստանկովիչի հետ մարզչական շտաբում կլինեն օգնական Նենադ Սակիչը, ինչպես նաև իտալացի մասնագետներ՝ դարպասապահների մարզիչ Պյերլուիջի Բրիվիոն, ֆիզիկական պատրաստվածության մարզիչ Ֆեդերիկո Պանոնչինին և վերլուծաբան Վինչենցո Սասոն։
«Սպարտակը» ապրիլին պաշտոնանկ էր արել Գիլերմո Աբասկալին գլխավոր մարզչի պաշտոնից։
























































