«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն չի ընդգրկվել Լուիս Էնրիկեի թիմի հայտացուցակում՝ Լիգա 1-ի 32-րդ տուրի՝ «Նիսի» հետ հանդիպմանը։
ՊՍԺ-«Նիս» հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 15-ին, «Ալիանց Ռիվիերա» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 23:00-ին: Հիշեցնենք, որ Մբապեն ավելի վաղ հայտարարել էր այս մրցաշրջանի ավարտին ՊՍԺ-ից հեռանալու մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մբապեն ձախ ազդրի հատվածում անհարմարություն է զգում: Ակումբը հարձակվողին թողել է բուժման՝ թույլ չտալով երեկ մասնակցել թիմի մարզմանը։
Կիլիանը փարիզեցիների կազմում հանդես է գալիս 2018 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 306 հանդիպման, որոնցում դարձել է 255 գոլի և 108 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Մբապեն արդեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ, որն ուժի մեջ է մինչև 2029 թվականը։ Իր հերթին, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը տեղեկացրել է Կառլո Անչելոտիի մարզչական շտաբին, որ Մբապեն կդառնա Մադրիդի «Ռեալի» նոր խաղացող։
























































