Իսպանական Relevo պորտալը մանրամասներ է հրապարակել նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի և «Մանչեսթեր Սիթիի» միջև կնքված պայմանագրից։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում անգլիական թիմի հետ կա հրաժարագնի կետ, որը կազմում է 175 միլիոն եվրո։
Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականից։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: Այս մրցաշրջանում նորվեգացի հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, դարձել 30 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Այս պահին «Մանչեսթեր Սիթին» 31 խաղում վաստակած 70 միավորով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է։