«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին խոսել է անգլիական ակումբի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ իտալացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Լիվերպուլը» և «Բավարիան»:
«Նոր պայմանագիր ստորագրել «Բրայթոնի» հե՞տ: Այս պահին ոչ։ Ես պետք է խոսեմ ղեկավարության հետ ակումբի ծրագրերի մասին, որպեսզի որոշեմ իմ ապագան, ուզում եմ իմանալ, թե որն է այս նախագիծը: Ես ուզում եմ պահպանել իմ ամբիցիաները։
Իմ հարաբերությունները ակումբի, երկրպագուների, «Բրայթոնի» խաղացողների հետ չեն կարող փոխվել՝ կախված իմ ապագայից։ Այն, ինչ մենք արել ենք, պատմություն է, և ոչ ոք չի կարող դա մոռանալ»,- Դե Ձերբիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ 44-ամյա մասնագետը «Բրայթոնը» գլխավորում է 2022 թվականի աշնանից։ Այս մրցաշրջանում Անգլիայի առաջնությունում անցկացրած 28 հանդիպումներից հետո Դե Ձերբիի սաները վաստակել են 42 միավոր և զբաղեցնում են 9-րդ տեղը։