Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալն առանձնացրել է այն թիմերին, որոնք ունակ են լուրջ խնդիրներ ստեղծել կատալոնացիների համար Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում։
Բացատրելով, թե հատկապես ինչով են Մյունխենի «Բավարիան» ու ֆրանսիական ՊՍԺ-ն գերազանցում «կապտանռնագույններին», երիտասարդ ֆուտբոլիստը նշել է․
«Մեր թուլությունն ի հայտ է գալիս այնպիսի թիմերի դեմ խաղերում, ինչպիսիք են «Բավարիան» կամ ՊՍԺ-ն։ Պատճառն այն է, որ նրանք ֆիզիկապես ավելի ուժեղ են․ նրանք ստիպում են քեզ շատ վազել և պահպանել կենտրոնացվածությունն ամբողջ հանդիպման ընթացքում։ «Արսենալն» այլ պատմություն է։ Այնտեղ խաղն ավելի տակտիկական է և առավելապես կապված է գնդակի վերահսկողության հետ։
Կարծում եմ՝ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտներից մեկն է, բայց նրանց խնդիրն այն է, որ տիտղոսը պաշտպանելը շատ բարդ է։ Դա ամենադժվար բանն է ֆուտբոլում։ Դա է նաև իմ վախը հաղթանակներից հետո՝ մենք կարող ենք թուլանալ»,- ասել է Յամալը Movistar-ին տված հարցազրույցից։
Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի շրջանակում «Բարսելոնան» իր առաջիկա հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 13-ին՝ արտագնա խաղում ուժերը չափելով թուրքական «Գալաթասարայի» հետ։

























































