Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի աստղային հարձակվող Կիլիան Մբապեն դադարեցրել է համագործակցությունը սպորտային հանդերձանք արտադրող Nike հանրահայտ ընկերության հետ։ Ֆրանսիացին Nike-ի հետ էր դեռևս 2006 թվականից (երբ նա մոտ 8 տարեկան էր), սակայն երկարամյա պայմանագրի ժամկետն ավարտվել է 2026 թվականի ամռանը։
Ինչպես հաղորդում է The Touchline-ը՝ հղում անելով The Athletic-ին, գոլահարն այժմ պայմանագիր է կնքել շվեյցարական On բրենդի հետ, որն այս խոշոր գործարքով պաշտոնապես մուտք է գործում ֆուտբոլային շուկա։
Մբապեն դարձել է ընկերության ֆուտբոլային ուղղության գլխավոր դեմքն ու գլոբալ դեսպանը։ Հարձակվողն անմիջականորեն կաշխատի On-ի արտադրանքի թիմերի հետ՝ ապագա ֆուտբոլային կոշիկների և հագուստի մշակման ու փորձարկման վրա։ Սպասվում է, որ նոր բրենդի առաջին ֆուտբոլային խաղակոշիկները շուկա դուրս կգան 2027 թվականին։ Աղբյուրը նաև ընդգծում է մեկ այլ հատկանշական փաստ. մոտ ժամանակներս On-ի ֆուտբոլային տնօրենի պաշտոնը պետք է ստանձնի լեգենդար Թիերի Անրին։
Հավելենք, որ 2026/2027 թվականների ընթացիկ մրցաշրջանում Մբապեն հասցրել է մասնակցել 7 հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով 8 գոլ և 2 գոլային փոխանցում։
Ինչ վերաբերում է Մադրիդի «Ռեալին», ապա Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմն այժմ վաստակած միավորներով զբաղեցնում է Իսպանիայի Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 3 միավորով։ Իր առաջիկա հանդիպումը «արքայական» ակումբը կանցկացնի սեպտեմբերի 20-ին՝ արտագնա խաղում ուժերը չափելով Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։
























































