Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը խոստովանել է, որ Իսպանիայում բազմիցս բախվել է ռասիզմի դրսևորումների։
«Այո՛, հազարավոր անգամներ։ Մարդիկ քո նկատմամբ ռասիզմ են դրսևորում անուղղակիորեն՝ երբեմն նույնիսկ չգիտակցելով դա։ Լինում են շատ մեկնաբանություններ, հայացքներ, իրավիճակներ, որոնք ռասիստական բնույթ ունեն, թեև մարդիկ դա չեն հասկանում։ Ես մեծացել եմ մի միջավայրում, որտեղ դա ոչ թե նորմա է համարվում, քանի որ սխալ երևույթը չի կարող նորմա լինել, այլ պարզապես քեզ չի նյարդայնացնում։
Օրինակ վերցնենք «Բեռնաբեուի» հայտնի տեսանյութը, որտեղ ինձ ու Ռաֆինյայի հասցեին ամեն ինչ գոռում էին, իսկ մարդիկ զարմանում էին իմ արձագանքից։ Ի վերջո, եթե այդ մարդն ինձ սևամորթ է անվանում, ինձ դա բացարձակ չի վիրավորում։ Ես սևամորթ եմ և այլ գույնի չեմ։ Այլ հարց է՝ դա ճիշտ է, թե սխալ, որովհետև նա դա ասում է արհամարհական տոնով։ Դա սխալ է, բայց ես, լինելով ֆուտբոլիստ, չեմ պատրաստվում բարկանալ մի մարդու վրա, ով վճարել է տոմսի համար, որպեսզի գա ու նայի իմ խաղը, իսկ հետո անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում»,- 19-ամյա իսպանացու խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ Յամալն անդրադարձել է 2024 թվականի հոկտեմբերի 26-ին «Սանտիագո Բեռնաբեուում» կայացած Էլ Կլասիկոյի ժամանակ գրանցված միջադեպին։ Գոլը տոնելիս նա և Ռաֆինյան դարձել էին մադրիդյան տրիբունաներից հնչող ռասիստական և այլատյաց վանկարկումների թիրախ։
























































