Սաուդյան Արաբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին շուտով կարող է զրկվել զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։ Իտալացին Սաուդյան Արաբիայի հավաքականը գլխավորել է նախորդ տարվա օգոստոսի 27-ից։
Աղբյուրի համաձայն՝ Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարները չափազանց դժգոհ են ազգային հավաքականի ցուցադրած խաղից Ասիայի գավաթ 2024-ում։ Հավաքականը դուրս է մնացել մրցաշարի 1/8 եզրափակիչում հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում պարտվելով Հարավային Կորեային։
Մարզչական կարիերայի ընթացքում Մանչինին գլխավորել է իտալական «Լացիոն» ու «Ինտերը», անգլիական «Մանչեսթեր Սիթին», թուրքական «Գալաթասարայը» և ռուսական «Զենիթը»։ 59-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը Սաուդյան Արաբիայից առաջ Իտալիայի հավաքականն էր, որի գլխավորությամբ իտալացիները դարձել էին Եվրո-2020-ի հաղթող։
























































