ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր հանդիպել է լրագրողների հետ և պատասխանել նրանց հարցերին:
Անդրադառնալով Փարիզի 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ համագործակցությունը:
«Միասին պետք է գնանք դեպի Փարիզ-2024: Կարծում ենք՝ 20-25 օլիմպիական վարկանիշ ունենալը միանգամայն իրատեսական է, թեև կարևորը մասնակցության որակն է: ՕԽ-ին մասնակցությունն, իհարկե, արդեն իսկ մեծ նվաճում է, բայց պետք է իրատես լինել ու հասկանալ, թե ինչ արդյունքներ կարող ենք գրանցել: Կարծում եմ՝ այն մարզիկները, որոնք մեդալներ նվաճեցին անցնող տարում, ի զորու են նաև Օլիմպիական խաղերում մրցանակային տեղեր զբաղեցնելու և, ինչու ոչ, չեմպիոն հռչակվելու: Իհարկե, շատ կարևոր է, թե ինչպես կմոտենանք Փարիզ-2024-ին: Հնարավոր է՝ որոշ թիմեր վերջին ուսումնամարզական հավաքները կանցկացնեն հենց Ֆրանսիայի մայրաքաղաքում»,- ասել է Կարեն Գիլոյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ մեծ են սպասելիքները հրաձգությունից, հատկապես որ առաջիկայում հավաքականի մյուս առաջատարի՝ Բենիկ Խլղաթյանի մասնակցությունը Փարիզի Օլիմպիական խաղերին ևս կհաստատվի:
«Հավատացած եմ, որ շատ լուրջ ակնկալիքներ պետք է ունենանք հրաձգությունից: Էլմիրա Կարապետյանն առաջինը նվաճեց Փարիզ-2024-ի ուղեգիրն ու ըստ իս՝ մեծ հավակնություններ ունի: Ամենայն հավանականությամբ, առաջիկայում կհաստատվի նաև Բենիկ Խլղաթյանի վարկանիշը, իսկ սա նշանակում է, որ Փարիզ-2024-ի հրաձգության մրցումներին կմասնակցենք նաև զույգով»,- նշել է Կարեն Գիլոյանը: