Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է ներքնակների հարձակվող Անտուան Գրիզմանի՝ «Ոսկե գնդակի» անվանակարգում 21-րդ տեղը գրավելու մասին։
«Ես Անտուանի աճի մի մասն եմ, ուստի այն, ինչ ասեմ, ծիծաղելի կթվա: Նա ականավոր խաղացող է, նա դա ապացուցել է երկար տարիներ, հատկապես վերջերս, թող ամեն մեկն ասի այն, ինչ ուզում է, քանի որ սա չի փոխվի»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում MundoDeportivo-ն։
Հոկտեմբերի 30-ին Փարիզի Շատլե թատրոնում տեղի է ունեցել «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը։ Մրցանակին արժանացել է «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն։
























































