Բրազիլիան Համահայկական ամառային 8-րդ խաղերին ներկայացել է 56 մարզիկով։ Պատվիրակության ղեկավար Ավետիս Մարկոսյանի խոսքով՝ Համահայկական խաղերին մասնակցելն իրենց համար մեծ պատիվ է․
«Շատ ուրախ ենք և ոգևորված։ Շնորհակալ ենք այս հնարավորության համար։ Հուսով եմ՝ լավ արդյունքներ կգրանցենք։ 20 տարի է՝ Բրազիլիայի թիմը մասնակցում է Համահայկական խաղերին։ Այս անգամ այդ մարզիկների թիվը 56-ն է, որոնց մեծ մասը հանդես կգան ֆուտբոլում։ Կարծում եմ՝ լավ շանսեր ունենք։ Շատ լավատես ենք»,- ArmSport-ի հետ զրույցում ասում է Ավետիս Մարկոսյանը։

Մարկոսյանի գնահատմամբ՝ շատ կարևոր է հատկապես այն հանգամանքը, որ երիտասարդ հայ տղաներն ու աղջիկները հնարավորություն ունեն այցելելու իրենց պատմական հայրենիք, շատերը՝ առաջին անգամ։
«Այս անգամ մեծամասնությունն առաջին անգամ է գալիս Հայաստան։ Վստահ եմ՝ այս խաղերից հետո նրանք էլի կվերադառնան, ու արդեն ավելի հաճախ։ Երիտասարդներին պետք է ցույց տանք, որ հրաշալի երկիր և ազգ ունենք։ Ունենք մասնակիցներ, որոնք նախորդ տարիներին եկել են Համահայկական խաղերին և մնացել Հայաստանում»,- ընդգծում է Ավետիս Մարկոսյանը և հույս հայտնում՝ այդ փորձը շարունակական կլինի։
Բրազիլահայ մարզիկները հանդես են գալու ֆուտբոլ, թենիս, շախմատ և լողափնյա վոլեյբոլ մարզաձևերում։ Նշում են՝ ամենամեծ սպասելիքներն ունեն ֆուտբոլից։
Հիշեցնենք՝ Համահայկական ամառային ութերորդ խաղերի ծրագրում ընդգրկված 19 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ:
























































