Օգոստոսի 5֊ին Գյումրիում տեղի կունենա Համահայկական ամառային ութերորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։
Քաղաքային մարզադաշտում այժմ նախապատրաստական եռուզեռ է, որին հետևել են Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ու ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը։
Խաղերի բացման արարողության պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն ու միջոցառման բեմադրիչ Արամայիս Հայրապետյանը ներկայացրել են արարողության բեմականացմանն ու ուղիղ եթեր գնացող ծրագրին առնչվող մանրամասներ։
Այնուհետև պատասխանատուները հետևել են մարզադաշտին հարակից փողոցի ասֆալտապատման աշխատանքներին։
Իրականացվել են երթևեկելի մասի 2380 քառակուսի մետր երկշերտ ասֆալտապատման, 40 քառակուսի մետր իջատեղերի և 244 քառակուսի մետր մայթերի կառուցման աշխատանքեր։ Քաղաքային մարզադաշտի արևմտյան կողմի տարածքի հիմնանորոգման (հատված կմ 0+000- կմ 0+199) աշխատանքների իրականացման համար կտրամադրվի 66 մլն 417 հազար դրամ գումար։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Շիրակի մարզպետի աշխատակազմում այսօր նաև տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի, Գյումրի համայնքի, ուժային կառույցների ղեկավարների, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են Խաղերի կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է արդեն իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներով` նշելով, որ ամեն ինչ պետք է արվի Համահայկական խաղերը պատշաճ մակարդակով անցկացնելու առումով:
Շիրակի մարզպետը հավաստիացրել է, որ ջանք ու եռանդ չի խնայվում յուրաքանչյուր խնդրի լուծման համար։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել յուրաքանչյուր գերատեսչության անելիքներին, բոլոր ծառայությունների փոխկապակցված աշխատանքին, ընդգծվել է յուրաքանչյուր կառույցի կողմից նախանշված քայլերը սահմանված ժամանակացույցով իրականացնելու անհրաժեշտությունը: