Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ Համահայկական ամառային ութերորդ խաղերի բացման հանդիսավոր արարողության, մարզական շքերթի, Շիրակի մարզ այցելող հյուրերին հավուր պատշաճի դիմավորելու և այլ նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով՝ Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ։
Այնուհետև Գյումրի համայնքի շախմատի մարզադպրոցում կայացել են Համահայկական ամառային ութերորդ խաղերի ծրագրում ընդգրկված թիմային խաղային մարզաձևերի ենթախմբային փուլերի մրցումների վիճակահանությունները։
Մարզաձևերի գլխավոր մրցավարները ներկայացրել են ենթախմբային մրցումների մրցավայրերը։
Հիշեցնենք՝ Այս տարի առաջին անգամ Համահայկական ամառային 8-րդ խաղերը կհյուրընկալեն Սաուդյան Արաբիայում բնակվող մեր հայրենակիցներին։ Համահայկական ամառային 8-րդ խաղերին ամենաշատ հայտ ներկայացվել է Ռուսաստանից, Վրաստանից։
Ամենաշատը հայտեր ներկայացվել են ֆուտզալ և ֆուտբոլ մարզաձևերից: Դիմել են նաև անհատական սպորտաձևերի համար, ինչպիսիք են՝ լողը, գոլֆը, շախմատը: Բայց թիմային սպորտում ավելի շատ կլինեն վոլեյբոլը և լողափնյա վոլեյբոլը (հանդբոլ)։ Այս տարի մասնակիցների թվում կան նաև 10-15 տարեկան երեխաներ։ Նրանք հիմնականում մասնակցելու են շախմատի և լողի մրցումներին։
Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին՝ Գյումրու Քաղաքային մարզադաշտում: «Միասնություն սպորտով» կարգախոսը կրող միջոցառման մեկնարկը նախատեսված է 21:00-ին: