«Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն խոստովանել է, որ խնդրել է «Սիթիի» ղեկավարությանը պայմանագիր կնքել հարձակվող Սադիո Մանեի հետ, երբ ֆուտբոլիստը դեռ հանդես էր գալիս «Սաութհեմփթոնում»։
«Ես միշտ ցանկացել եմ խաղալ Մանեի հետ։ Երբ ես «Սիթիում» էի, իսկ նա՝ «Սաութհեմփթոնում», ես մեծ հարգանք էի տածում նրա նկատմամբ և խնդրեցի ղեկավարությանը պայմանագիր կնքել նրա հետ: Բայց չհաջողվեց։ Կլոպը նկատեց նրան և ձեռք բերեց։ Տեսեք, թե ինչ արեց նա «Լիվերպուլի» համար, նա հիանալի էր: Ինձ դուր է գալիս Մանեն որպես խաղացող»,- Տուրեի խոսքն է մեջբերում BBC-ն։
Մանեն հանդես է եկել «Սաութհեմփթոնում» 2014-ից 2016 թվականներին: Ընդհանուր առմամբ, նա Պրեմիեր լիգայի 67 հանդիպում է անցկացրել «Սրբերի» կազմում՝ դառնալով 21 գոլի հեղինակ։
Այնուհետև ֆուտբոլիստը տեղափոխվել է «Լիվերպուլ», որի հետ 2019 թվականին հաղթել է Չեմպիոնների լիգան և 2019/20 թվականներին՝ Պրեմիեր լիգան։























































