Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլին» հայտարարել է սենեգալցի դարպասապահ Էդուարդ Մենդիի հետ պայմանագիր կնքելու մասին:
31-ամյա Մենդին ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականը։ Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում 31-ամյա դարպասապահը «Չելսիի» կազմում անցկացրել է 10 հանդիպում՝ բաց թողնելով 14 գնդակ։
Իր կարիերայի սկզբում Էդուարդը հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Ռենը», «Ռեյմսը», Մարսելի «Օլիմպիկը» և «Շերբուրգը»: «Չելսիի» հետ դարպասապահը հաղթել է Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։
Մենդին Սենեգալի հետ նվաճեց Աֆրիկայի ազգերի գավաթը։ Transfermarkt-ը 31-ամյա խաղացողին գնահատում է 18 միլիոն եվրո:
Անցած մրցաշրջանը «Ալ-Ահլին» անցկացրել է Սաուդյան Արաբիայի երկրորդ լիգայում: Թիմը 34 խաղում վաստակեց 72 միավոր, գրավեց առաջին տեղը և դուրս եկավ Բարձրագույն լիգա։
























































