Լրագրող Սանտի Աունան հայտնել է, որ «Նյուքասլը» նախատեսում է ուժեղացնել կենտրոնական պաշտպանի դիրքը և արդեն ունի կոնկրետ թեկնածու։
«Նյուքասլը» ակտիվ է տրանսֆերային շուկայում. «կաչաղակներն» ավարտում են Սանդրո Տոնալիի տրանսֆերային գործարքը, և արդեն մտածում են հետագա համալրման մասին։
Էդի Հաուի թիմի գլխավոր նպատակը նոր պաշտպան ձեռք բերելն է։ Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբի տրանսֆերային ցուցակը գլխավորում է Դավիդ Հանկոն։ Սլովակ ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ պաշտոնական հարցումն արդեն ուղարկվել է «Ֆեյենորդ»:
Նախորդ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը Նիդեռլանդների չեմպիոնի առաջատարներից էր: Նա անցկացրել է 50 հանդիպում, խփել չորս գոլ և կատարել հինգ արդյունավետ փոխանցում։ Պաշտպանի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ի կողմից գնահատվում է 25 միլիոն եվրո։ Հանկոն եվրոպական թոփ ակումբների հետաքրքրությունը գրավում է իր բազմակողմանիությամբ: Բացի կենտրոնական պաշտպան լինելուց, նա կարող է խաղալ նաև ձախ պաշտպանի դիրքում:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Նապոլին», որը կփորձի ձեռք բերել նրա տրանսֆերը, եթե թիմից հեռանա Կիմ Մին Ջեն։
























































