63-ամյա իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսը մոտ է «Սելտայի» նոր գլխավոր մարզիչ դառնալուն։ Նախկինում նա մերժել էր Սաուդյան Արաբիայի առաջարկները, որպեսզի Եվրոպայում աշխատելու փորձ անի։ Այս մասին հայտնում է The Athletic-ը:
Բենիտեսն առանց աշխատանքի է եղել 2022 թվականի հունվարից, երբ հեռացվեց «Էվերթոնից»։ Մասնագետը գլխավորել է նաև այնպիսի թիմեր, ինչպիսիք են Մադրիդի «Ռեալը», «Լիվերպուլը», «Չելսին», «Նյուքասլը», «Նապոլին», «Ինտերը», «Վալենսիան», չինական «Դալիան Յիֆանգը»։
«Լիվերպուլի» հետ Բենիտեսը հաղթել է Չեմպիոնների լիգան 2004/2005 մրցաշրջանում, «Վալենսիայի» հետ՝ ՈՒԵՖԱ-ի գավաթը՝ 2003/2004, իսկ «Չելսիի» հետ՝ Եվրոպա լիգան՝ 2012/2013 թթ.։ Բենիտեսը նաև երկու անգամ «Վալենսիանյին» հաղթանակի է տարել Իսպանիայի առաջնությունում՝ 2001/2002 և 2003/2004 մրցաշրջաններում։
Լա Լիգայի 2022/2023 մրցաշրջանում «Սելտան» զբաղեցրել է 13-րդ տեղը։
























































