«Չելսին» և «Լայպցիգը» պայմանավորվել են հարձակվող Քրիստոֆեր Նկունկուի տեղափոխության մասին հայտարարել մրցաշրջանի ընթացքում նրա վերջին խաղից հետո, գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ դա կլինի Ֆրանսիայի ազգային հավաքականի՝ հունիսի 19-ին կայանալիք խաղը։ Դրանից առաջ տրանսֆերի մասին պաշտոնական հայտարարության սպասել պետք չէ։
Նշվում է, որ Նկունկուն «Չելսի» տեղափոխվելու համար բուժզննում է անցել դեռ անցյալ տարվա սեպտեմբերին։ Պայմանագիրը ստորագրվել է 2022 թվականի դեկտեմբերին։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի «Չելսի» տեղափոխության արժեքը կկազմի 60 միլիոն եվրո։
2022/2023 մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը «Լայպցիգի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում, որոնցում դարձել է 23 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Նկունկուն վերջերս դարձել էր Գերմանիայի գավաթի եզրափակչի հաղթական գոլի հեղինակը:
























































