Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»:
Առաջին խաղակեսն անցավ անգլիական թիմի տարածքային ու խաղային բացահայտ առավելությամբ: Մինչև ընդմիջման գնալը Գվարդիոլայի գլխավորած թիմը 2 գնդակի առավելություն ստացավ: Դուբլի հեղինակ դարձավ Բերնարդու Սիլվան:
Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ սկսեց մադրիդյան թիմը, սակայն պակասում էր գրոհների սրությունը: Մանչեսթերյան թիմը հետզհետե տիրեց նախաձեռնությանը: 76-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Միլիտաոն: Ավելացված ժամանակում Խուլիան Ալվարեսը հաշիվը դարձրեց 4:0:
Այսպիսով, անգլիական թիմը դիմակայությունում հաղթեց 5:1 հաշվով ու եզրափակիչում կմրցի «Ինտերի» հետ: Խաղը կկայանա Ստամբուլում՝ հունիսի 10-ին:























































