«Պարի Սեն Ժերմենը» պատրաստ է 100 միլիոն եվրո տրամադրել՝ «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին գնելու համար, հայտնում է Le10sport.com-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզցիներն ակտիվորեն կենտրոնական հարձակվող են փնտրելու, իսկ գլխավոր թեկնածուն համարվում է Քեյնը։ Նշվում է, որ ՊՍԺ-ի ղեկավարությունը կարծում է, որ 100 միլիոն եվրոն կկարողանա համոզել «Տոտենհեմին» վաճառել հարձակվողին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվող Լիոնել Մեսսին, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Քեյնը «Տոտենհեմում» հանդես է գալիս 2011 թվականից։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։ Այս մրցաշրջանում Քեյնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 28 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
ՊՍԺ-ն այս պահին գլխավորում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Թիմն այս մրցաշրջանում դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից և Ֆրանսիայի գավաթից։
























































