Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչները: Կանանց A ենթախմբի 55 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ են դուրս եկել Ալեքսանդրա Գրիգորյանն ու Իզաբելլա Յայլյանը:
Յայլյանը պոկում վարժությունում պարզապես կռիվ տվեց ծանրաձողի հետ և հաջող կատարելով միայն երրորդ մոտեցումը՝ կամային բարձր հատկանիշների շնորհիվ գլխավերևում պահեց 87 կգ կշռող ծանրաձողն ու արժանացավ փոքր բրոնզե մեդալին: Այս վարժությունում փոքր ոսկե մեդալին արժանացավ ուկրաինացի Սվետլանա Սամուլյակը, իսկ փոքր արծաթը նվաճեց ռումինացի Անդրեա Կոնտրուտան:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում հաջող կատարեց երեք մոտեցումներից երկուսը` գլխավերևում պահելով 80 կգ կշռող ծանրաձողը: Այս վարժության վերջնարդյունքում նա զբաղեցրեց 7–րդ հորիզոնականը:
Քիչ անց մարզուհիներն ուժերը կչափեն հրում վարժությունում:
Նշենք՝ Եվրոպայի առաջնության մրցումներին այսօր հետևել են նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, պաշտոնատար այլ անձինք, մարզաշխարհի ներկայացուցիչներ և երկրպագուներ:
Եվրոպայի առաջնության ժյուրիի կազմում ընդգրկված էր նաև միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը: