Շեյխ Ջասիմ բին Համադ Ալ Թանիի ներկայացուցիչները նոր առաջարկ են արել «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերերին՝ ակումբը գնելու համար, հայտնում է Sky Sports-ը։
Երկրորդ առաջարկի վերջնաժամկետը նշանակվել է չորեքշաբթի, սակայն ներդրողի ներկայացուցիչները խնդրել են ավելի շատ ժամանակ տրամադրել։ Շեյխը մտադիր է ձեռք բերել անգլիական ակումբի բաժնետոմսերի ամբողջական փաթեթը, ինչպես նաև մարել ակումբի պարտքերը։
Հաղորդվում է նաև, որ Ջիմ Ռեթքլիֆը և INEOS-ը նույնպես նոր հարցում են ուղարկել հինգշաբթի երեկոյան, իսկ ֆինլանդացի ձեռներեց Թոմաս Զիլիակուսը հաստատել է, որ իր հոլդինգը նույնպես նոր առաջարկ է արել։
Գլեյզերների ընտանիքը մտադիր է վաճառել ակումբը մինչև ամառային տրանսֆերային պատուհանը, թեև ի սկզբանե նախատեսված էր գործարքը կնքել մինչև ապրիլ:
























































