Կանանց Աֆրիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ Մարոկկո — Նիգերիա խաղում, հետաքրքիր դրվագ է գրանցվել։
Հանդիպման հիմնական ժամանակում ոչ-ոքիից հետո (1:1) թիմերն անցկացրեցին 11 մետրանոց հարվածաշար:
Վճռորոշ 11 մետրանոց հարվածը կատարեց «Տոտենհեմի» և Մարոկկոյի հավաքականի հարձակվող Ռոսելլա Այանեն։ Ֆուտբոլիստուհին վստահորեն գնդակն ուղարկեց Նիգերիայի հավաքականի դարպասը և շրջվեց, որպեսզի վերադառնա խաղադաշտի կենտրոն։
Միայն տրիբունաներում իր թիմակիցների և երկրպագուների բուռն արձագանքը տեսնելուց հետո Այանեն հասկացավ, որ գոլ է խփել, որը պատմության մեջ առաջին անգամ Մարոկկոյի հավաքականին դուրս է բերել մրցաշարի եզրափակիչ։