Էկվադորի ազգային հավաքականը կմասնակցի 2022 թվականին Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությանը, ասվում է ՖԻՖԱ-ի մամուլի հաղորդագրությունում։ Կազմակերպությունը մերժել է Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չիլիի ազգային հավաքականի փաստաբան Էդուարդո Կարլեցոն ապացույցներ ունի, որ Էկվադորի ազգային հավաքականի պաշտպան Բայրոն Կաստիլյոն կոլումբիացի է, ուստի իրավունք չուներ հանդես գալ Էկվադորի ազգային հավաքականում։ Փաստաբանը գտել է Կաստիլյոյի ծննդյան վկայականը, որտեղ նշվում է, որ նա ծնվել է 1998 թվականի նոյեմբերին Կոլումբիայի Տումակո քաղաքում, այլ ոչ թե Էկվադորում։
Քաթարում կայանալիք 2022 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը կանցկացվի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։
Հիշեցնենք, որ մրցաշարի գործող հաղթողը Ֆրանսիայի հավաքականն է, որը 2018 թվականի եզրափակիչ խաղում հաղթանակ տոնեց Խորվաթիայի հավաքականի նկատմամբ։