«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է ՊՍԺ-ի երկրպագուների՝ Մեսսիին ու Նեյմարին սուլելը։
«Լեոյի հետ կապված ամեն ինչ պարզ է․ ինձ համար նա լավագույնն է, որ ես տեսել եմ և ում հետ խաղացել եմ։ Նրա կատարմամբ ես հիանալի բաներ եմ տեսել։
Ինձ էլ են սուլել «Կամպ Նոուում»։ Հասկանում եմ՝ ինչ է եղել ՊՍԺ-ում․ երկրպագուներն ուզում են ճնշում գործադրել խաղացողների վրա։ Այն, ինչ օրերս տեսա, երբ Նեյմարի վրա ծիծաղում էին գնդակը կորցնելիս կամ սուլում դրան հպվելիս, շատ տգեղ էր։
Երկրպագուները սուլոցներն արդարացնում են նրանով, որ խաղացողներին շատ են վճարում։ Նրանք պարտվեցին «Ռեալին», հասկանալի է, բայց մի՞թե խաղացողները չէին ուզում հաղթել։ Դա ամենից կարևորն է։
Մենք խոսում ենք խաղացողի մասին, որը վերջերս է ակումբ տեղափոխվել։ ՊՍԺ-ում երբեք նման խաղացող չի եղել։ Ավելի լավ է երախտապարտ լինել, աջակցել նրան, այլ ոչ թե ճնշել։ Այս կամ մյուս մրցաշրջանում այդ տղաները հիանալի պահեր կնվիրեն»,- Ֆաբրեգասի խոսքերն է փոխանցում Marca-ն։
























































