«Այսօր ամբողջ աշխարհը նատուրալիզացիայի ճանապարհով մարզիկներ է բերում»,- ասել է ԿԳՄՍ փոխախարար Կարեն Գիլոյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում։
«Մենք ևս պետք է օգտվենք այս իրավիճակից։ Մենք պետք է նատուրալիզացնենք, բերենք, ուժեղացնենք Հայաստանի հավաքականները, իհարկե, ոչ թե վնաս տալով մեր մանկապատանեկան սպորտին։ Եթե մենք որոշ մարզաձևերում չունենք բարձր կարգի մարզիկ տղաներ կամ աղջիկներ, կարող ենք դրսից բերել, պետք է բերենք։ Կարևորը Հայաստան անունն է, որը պետք է երևա ամենաբարձր հարթակներում, և ամենևին կարևոր չէ, թե ինչ ազգության ներկայացուցիչ է բարձրացնելու մեր դրոշը, կարևորը մեր դրոշը բարձրանա և օրհներգը հնչի»։
Հիշեցնենք, որ նախորդ տարի, կառավարության որոշմամբ, հայտարարվեց, որ եթե քաղաքացիությունը մարզիկին չի տրվում օրենքով, այլ շնորհվում է և այդ մարզիկը հանդես է գալիս մեր դրոշի ներքո, ապա այդ օրենքով նա ազատվում է բանակից։
«Այս օրենքով մենք լայն դաշտ ենք բացել մեր հայրենակիցների, և ոչ միայն հայրենակիցների համար, որպեսզի նրանք գան և պաշտպանեն Հայաստանի պատիվը։ Այս պահին մենք քաղաքացիություն ենք շնորհում երկու բրազիլացի ֆուտզալիստների, ովքեր կուժեղացնեն Հայաստանի ֆուտզալի հավաքականը, և մենք հույս ունենք, որ կխաղանք Եվրոպայի Էլիտ ռաունդում»,- ասել է Կարեն Գիլոյանը։