Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի վերջին՝ 10-րդ տուրում, Հայաստանի ազգային հավաքականի հյուրը Գերմանիայի ընտրանին է։ Գուցե, ոչ լավագույն տարբերակը մրցաշարին հրաժեշտ տալու համար։ Իսկ, գուցե, մեր թիմը կարողանա հավաքել բոլոր ուժերն ու արժանի խաղ ցույց տա ֆուտբոլային հսկաների դեմ։ Այս հարցի պատասխանը՝ վաղը՝ նոյեմբերի 14-ին, իսկ մինչ այդ եկեք տեսնենք, թե ինչ է հուշում վիճակագրությունը։
Հայաստանի և Գերմանիայի հավաքականները միմյանց հանդիպել են 4 անգամ։ Մեր ընտրանին բոլոր 4 խաղերում պարտվել է։ Գերմանացիները Հայաստան են ժամանում երկրորդ անգամ։ Առաջինը 1996 թվականի հոկտեմբերի 9-ին էր, կրկին աշխարհի առաջնության որակավորման փուլում։ Այդ օրը մեր ընտրանին 1-5 հաշվով պարտություն էր կրել։ Մեր կազմում միակ գոլը հեղինակել էր Կարապետ Միքայելյանը՝ հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ, երբ թիմը 0-5 հաշվով պարտվում էր։
Մեկ տարի անց՝ 1997-ի սեպտեմբերի 10-ին, Հայաստանի հավաքականը Գերմանիայում 4 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը։
Այս խաղից հետո մեր ու Գերմանիայի հավաքականները միմյանց հանդիպեցին միայն 17 տարի անց՝ 2014-ի հունիսի 6-ին կայացած ըկերական խաղի շրջանակում։ Մեր ընտրանին Բերնար Շալանդի գլխավորությամբ պարտվեց 1-6 հաշվով, իսկ միակ գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանը՝ 11-մետրանոցից, երբ դեռ զիջում էինք նվազագույն հաշվով։
Գերմանական մեքենային վերջին անգամ հանդիպել ենք հենց ԱԱ-2022-ի որակավորման փուլի արտագնա խաղում։ Սեպտեմբերի 5-ին Կապառոսի սաները 6 անգամ ստիպված եղան խաղը սկսել դաշտի կենտրոնից։ Հիմա արդեն պատասխան խաղի ժամանակն է․․․
Բունդեսթիմը նոր գլխավոր մարզչի՝ Հանսի Ֆլիկի գլխավորությամբ հաղթել է մեկնարկային 6 խաղերը և Երևան է ժամանում Լիխտենշտեյնի դեմ տարած 9-0 հաշվով ջախջախիչ հաղթանակից հետո։ Ինչպես ավելի վաղ նշել էր գերմանացիների առաջատարներից մեկը՝ Թոմաս Մյուլերը, Գերմանիայի խմբում իսկապես ուժեղ մրցակիցներ այս անգամ չկային։ Սա փաստում է նաև J խմբի մրցաշարային աղյուսակը, որտեղ Գերմանիայի հավաքականը 24 միավորով միանձնյա առաջատարն է, երկրորդ տեղում 15 միավորով հաստատվել է Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանին, երրորդում Ռումինիան է, որն ընդամենը 1 միավորով է հետ մնում հյուսիսմակեդոնացիներից, իսկ չորրորդ տեղում 12 միավորով Հայաստանի հավաքականն է՝ աշխարհի առաջնություն դուրս գալու իր կորսված երազանքով։ Մեր թիմից հետ են մնում Իսլանդիայի և Լիխտենշտեյնի հավաքականները, որոնք իրենց ակտիվում ունեն համապատասխանաբար 9 և 1 միավոր։
Հետհայացք գցելով նախորդ տուրերին՝ կարելի է փաստել, որ մեր ընտրանին փայլուն մեկնարկեց որակավորման այս փուլն ու թվում էր, թե այս անգամ իրոք բռնել ենք երազանքի պոչից ու շարժվում ենք դեպի Քաթար։ Պատկերը, սակայն հետզհետե փոխվեց ու արդեն Հս․ Մակեդոնիայի դեմ տնային խաղում հասավ վատթարագույնին։
Հարկ է նշել, որ աշխարհի քառակի չեմպիոնի ճամբարում կորոնավիրուսի բռնկում էր եղել, ու 5 ֆուտբոլիստ ինքնամեկուսացել են։ Մկանային վնասվածքի պատճառով հայտացուցակից դուրս է մնացել նաև Յուլիան Դրաքսլերը։ Ի պատասխան սրան՝ նախորդ խաղում որակազրկման պատճառով բացակայող մեր տղաներն արդեն այս խաղում կարող են օգնել թիմին։
Մնում է հուսալ, որ մեր ընտրանին հնարավորինս լավ նոտայով կավարտի այս փուլը՝ հող նախապատրաստելով երկրպագուների հետագա սպասելիքների համար։
Ստելլա Բաբլոյան