Լեհաստանում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 87 կգ քաշային Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար պայքարում մրցեց Վրաստանի ներկայացուցիչ Աիվենգո Ռիկաձեի հետ ու պարտություն կրեց 2-3 հաշվով։ Այսպիսով, Չալյանը, որն արդեն ապահովել է իր մասնակցությունը Տոկիոյի Օլիմպիական խաղերին, չկարողացավ մեդալ նվաճել Եվրոպայի ընթացիկ առաջնությունում։
Նշենք՝ Կարապետ Չալյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9-0 հաշվով հաղթանակ էր տարել Ֆինլանդիայի ներկայացուցչի նկատմամբ։ 1/8 եզրափակչում, սակայն, մեր հայրենակիցը 5-3 հաշվով զիջել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Ադլան Ակիևին։ Ռուս ըմբիշը դուրս է եկել եզրափակիչ, ինչի արդյունքում Չալյանը սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու իրավունք էր ստացել։
Առաջին սփոփիչ գոտեմարտում Չալյանը 8-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Շվեյցարիայի ներկայացուցիչ Մարկ Վեբերի նկատմամբ, իսկ երկրորդում 5-4 հաշվով առավելության էր հասել ուկրաինացի Յարոսլավ Ֆլիչակովի նկատմամբ։