«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը արձագանքել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի՝ Սադիո Մանեի մասին ասած խոսքերին:
«Ես նույն վիճակում եմ, ինչ՝ նա: Մեզ մշտապես տալիս են հարցեր, և երբեմն մենք ասում ենք այն, ինչ մտածում ենք հենց այդ պահին՝ մոռանալով, որ շուրջ բոլորը մարդիկ են ու տեսախցիկներ: Նա լավ բացատրել է իր խոսքերը՝ ասելով, որ այդպես խոսում է իր զավակների հետ: Այդ դրվագում կարող էր 11-մետրանոց լինել, բայց կարող էր և չլինել, և դա նրանք քննարկել էին տանը: Ես դրա հետ ոչ մի խնդիր չունեմ, և ես չէի կարող Գվարդիոլային հարգել ավելի շատ, քան հիմա:
Ես նրան արդեն բավականին երկար ժամանակ է՝ գիտեմ, և ինձ համար առաջվա պես շատ բան է նշանակում նրա հետ մրցակցությունը: Ինձ համար նա աշխարհի լավագույն մարզիչն է: Մենք շանս ունենք հաղթելու նրա թիմին, ինչը դժվար է, բայց հնարավոր: Ինձ համար դա բավական է: Իմ կողմից ոչինչ չկա, հարգանքից բացի: Իհարկե, նման բաները անհնար է ընդհանրապես չմեկնաբանել, բայց ես դրանով հետաքրքրված չեմ: Խաղի նախաշեմին շատ բան կա, ինչի մասին կարելի է գրել:
Ինչ վերաբերում է տակտիկական խախտումների մասին իմ խոսքերին՝ ես չէի ասի դրանք, եթե հնարավոր լիներ այդ հարցին կրկին պատասխանել: Նման արտահայտությունների անհրաժեշտությունը չկա», — Կլոպի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը: