«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի՝ «Ալավեսի» հետ խաղը (2-0):
«Առհասարակ գոլ բաց չթողնելը հնարավոր չէ, բայց մենք հիմա իսկապես շատ քիչ ենք բաց թողնում: Պետք է շարունակենք նույն ոգով, մենք ունենք Կուրտուա, որը լավ մարզավիճակ է հավաքել: Թիմը շատ քիչ է բաց թողնում: Այս խաղում ես չնկատեցի, որ թիմին պակասում է թարմությունը, հարձակման գծում մենք շատ ակտիվ էինք:
Բենզեման առաջին կեսի վերջնամասում հարված ստացավ, նրա գլուխն էր պտտվում, բայց ամեն ինչ կարգին է: Ինչ վերաբերում է 3 խաղում 3 11-մետրանոցին, եթե մրցավարը 11-մետրանոց է նշանակում, ուրեմն դա 11-մետրանոց է: Ամենակարևորը գոլ խփելն է, կարևոր չէ՝ ինչ միջոցով:
Մենք պայքարում ենք Լա Լիգայում հաղթանակի համար, բայց մինչև մրցաշրջանի ավարտը 3 խաղ կա, և մենք չգիտենք՝ ամեն ինչ ինչպես կդասավորվի: Հիմա մենք պետք է մի փոքր հանգստանանք, չնայած հաղթանակները հենց լավագույն հանգիստն են»,- Զիդանի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Հիշեցնենք՝ «Ռեալը» հաղթեց Բենզեմայի (11մ.) և Ասենսիոյի գոլերի շնորհիվ: Հատկանշական է, որ Բենզեմայի գնդակը 500-րդն էր «Ռեալի» համար Զինեդին Զիդանի գլխավորությամբ։